«Քաղաքացի նախագիծ – ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուսուցման ծրագրի» արդյունքների ներկայացում

2018 թվականի հունիսի 29-ին Իբիս հյուրանոցում կայացավ Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ի և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից համատեղ իրականացվող «Քաղաքացի նախագիծ – ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուսուցման ծրագրի» արդյունքների ներկայացման և ծրագրի փակման միջոցառումը։ Ծրագրի նպատակն էր Հասարակագիտություն առարկայի շրջանակներում ֆինանսական գրագիտության խնդիրների արծարծումը, մեկնաբանումը, քննարկումը և ուսուցիչների ու աշակերտների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը՝ նախագծային ուսուցման միջոցով։

Ծրագրի շրջանակներում «ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի փորձագետները 6 ամիսների ընթացքում աշխատանքներ են տարել Երևանի 20 դպրոցների 30 հասարակագիտության ուսուցիչների հետ, ովքեր իրենց հերթին իրենց սովորողների հետ վեր են հանել համայնքում առկա ֆինանսատնտեսական խնդիրները։ Միջոցառման ընթացքում ծրագրի մասնակից դպրոցների ուսուցիչների և իրենց աշակերտների կողմից ներկայացվեցին վեր հանված համայնքային ֆինանսական հիմնախնդիրները, դրանց լուծման ուղղությամբ մշակված առաջարկները, ամփոփվեցին կատարված հետազոտական աշխատանքների արդյունքները։ Սովորողների կողմից ընտրված հիմնախնդիրները հիմնականում վերաբերում էին մեր երկրում խնայողությունների մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը, ֆինանսական զեղծարարություններից խուսափելուն, բյուջեի արդյունավետ կառավարման հմտությունների ձևավորմանը։ Նրանք վերոնշյալ խնդիրների լուծման իրենց տարբերակներով և առաջարկություններով կիսվեցին ծրագրի շնորհանդեսին մասնակից պետական և հասարակական կառույցների մոտ 80 ներկայացուցիչների հետ։ Վերջիններս իրենց խորհուրդներով, ուղղորդումներով քաջալերեցին սովորողներին շարունակելու իրենց աշխատանքները ֆինանսատնտեսական գրագիտության խրախուսման նպատակով։

Leave a Reply

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»ՀԿ.